Ժամը 11-ին, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղակայված 10/27 ընտրատեղամասում Երեւանի Ավագանու ընտրություններում կնոջ եւ որդու հետ քաղաքացիական պարտքն է կատարել Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նախքան քվեարկելը Արթուր Բաղդասարյանը հանձնաժողովի անդամներին հարցրել է ընտրողների ակտիվության աստիճանի մասին, ինչին ի պատասխան հայտնել են, որ արդեն 125 ընտրող է եղել եւ նկատվում է ակտիվություն:
Քվեարկությունից հետո Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել եւ քվեարկել է մայրաքաղաքում վճռական փոփոխություններ իրականացնելու օգտին: «Մենք ներկայացրել են մրցունակ թեկնածու, մրցունակ ծրագիր եւ կարծում ենք, որ մեր հաջողության դեպքում, մայրաքաղաքում լավ ու բարի, դրական ու լուսավոր փոփոխություններ կիրականցվեն: Բազմաթիվ լավ բաներ են պետք մեր քաղաքում, բազմաթիվ փոփոխություններ են հասունացել, եւ մենք քաղաքապետից եւ ավագանուց ակնկալում ենք, որ նրանք լսեն ժողովրդի դարդերը, կուտակված խնդիրները բոլոր ոլորտներում լուծել: Մարդիկ ուզում են փոփոխություններ իրենց կյանքում եւ ուզում են, որ այս ընտրությունը հնարավորություն տա իրականացնել այդ փոփոխությունները»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ որպես երեւանցի կցանկանա, որ մարդիկ ավելի լավ ապրեն, կարգ ու կանոն լինի եւ մեր մայրաքաղաքը դառնա աշխարհի զարգացած մայրաքաղաքների մեկը:
Արթուր Բաղդասարյանը ընտրությունների ընթացքին կհետեւի ՕԵԿ շտաբից եւ ընթացքում շտաբը ընտրությունների ընթացքի մասին հայտարարություն կտարածի:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին: Բացվել է 464 ընտրատեղամաս:
Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











