Ժամը 11-ին, Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28  ընտրատեղամասում Երեւանի Ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Քանի որ ընտրատեղամասում Արմեն Մարտիրոսյանի քվեարկության ժամանակ ընտրողների հոսքը ընտրատեղամաս ակտիվացել էր, քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ստիպված եղավ հերթում կանգնել: Ի դեպ, ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը Արմեն Մարտիրոսյանի մայրն էր:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ քվեարկել է  Երեւանի կառավարման համակարգը արմատապես փոխելու եկած ուժի օգտին:

«Քվեարկեցի այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է մի լոզունգով` Երեւանում կառավարման համակարգը արմատապես փոխելու: Այդ քաղաքական դաշինքի օգտին քվեարկեցի: Ցանկությունս է, որ մեր  քաղաքացիները վերջապես այս թմբիրից, ինչպես փետրվարի 18-ին դուրս եկան, այնպես էլ այս մեկից  դուրս գան եւ քվեարկեն կառավարման օգտին:

Գումար բաժանելու լուրերի մասին ես իմ հայտարարությունն արդեն արել եմ: Երեկ երեկոյան, երբ առեւտուր էի անում խանութներից եւ նաեւ մեքենայի գազն էի լցնում գազալցակայանում, բոլորը շատ հետաքրքիր եւ իրարից անկախ ասում էին, որ արդեն երեկոյան ժամերին  քաղաքացիները միայն 20 հազարանոցներով են առեւտուրն անում: Արդեն ակնհայտ է, թե այդ 20 հազարանոցները որտեղից են: Հենց խանութների աշխատողներն էին նշում, որ տարածքում գումար է բաժանվել: Դա գիտի նաեւ ոստիկանությունը: Մենք այս ամենը գիտենք, ոստիկանություն դիմելու խնդիր չկա, հայտարարությունները բազմաթիվ են եւ հենց լրատվամիջոցներում տեղադրված են` կոնկրետ անուն-ազգանուններ եւ այլն, եւ այլն: Այսինքն` նորություն չենք հայտնում, որ այդ մասին խոսում ենք այժմ: Ամբողջ Երեւան քաղաքում բաժանվել է գումարներ: Համատարած:

Թե որ ուժերն են գումարներ բաժանում, այսօր չեմ ասի, քանի որ քվեարկության փուլում ենք: Վաղը այդ մասին ես կխոսեմ: Երբ ես գումարներ բաժանելու մասին  հայտարարություն տարածեցի, իրավապահ մարմինները բացարձակ ինձ հետ չկապվեցին: Կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետեւ այդ ամենը իրենց աչքի առջեւ է տեղի ունենում: Սա երրորդ ընտրությունն է, որի տեխնոլոգիան հետեւյալն է`առավոտյան մարդկանց խմբերով բերում են, ում պետք է բերեն, մնացածն արդեն ըստ իրենց ցանկության, երբ ցանկանում գալիս են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին: Բացվել է 464 ընտրատեղամաս:

Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am