Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել է Նորք Մարաշ վարչական տարածքի թիվ 186 դպրոցում տեղակայված 10/6 ընտրատեղամասում (ֆոտոռեպորտաժ):
Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ «Բարեւ Երեւան» վերկուսակցական դաշինքը հաղթանակ է տանելու, չնայած խախտումների մասին բազմաթիվ տեղեկություններին: «Մտահոգվելու տեղիք կա, քանի որ խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երեւանցին ճիշտ ընտրություն կկատարի եւ մեր դաշինքը հաղթանակ կտանի»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե բոլոր տեղամասերում ուժեղ վերահսկողություն է իրականացվում ընդդիմության կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համեմատ այսօր վերահսկողությունն ավելի ուժեղ է, եւ եթե այդ ուժերը նույնպիսի վերահսկողություն իրականացնեին փետրվարի 18-ին, ապա մենք այսօր կապրեինք այլ Հայաստանում, կունենայինք այլ իրավիճակ»:
Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին: Բացվել է 464 ընտրատեղամաս:
Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով:











