Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում մայիսի 5-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՅԴաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է կուսակցության համամասնական ընտրացուցակը Երեւանի ավագանու ընտրություններում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։
Ռուստամյանը քվեարկության էր եկել մոր հետ։ Նրա խոսքով, ինքը քվեարկել է արմատական, խորքային փոփոխությունների, իշխանափոխության համար, որը կսկսվի Երեւանից եւ կավարտվի ամբողջ Հայաստանով։ «Քվեարկել եմ նրա համար, որպեսզի մենք, համաձայն մեր կարգախոսի, փոխենք Երեւանը, իսկ Երեւանը՝ Հայաստանը»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը։
Անդրադառնալով ընտրական գործընթացին, նա ընդգծել է, որ իրենց ունեցած տվյալների համաձայն, ընտրողները բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում։ «Բոլոր հնարավոր կեղծիքների մասին մենք վաղուց ենք հայտարարել, եւ կարծում եմ, որ այդ տեսանկյունից այս ընտրությունները բացառություն չեն լինի։ Պետք է անենք հնարավոր ամեն բան, այդ ամենը նվազագույնի հասցնելու համար»,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ օրինախախտումները կանխելու համար ՀՅԴ-ն թեժ գիծ է բացել եւ Ոստիկանության հետ համագործակցելով ուսումնասիրում է բոլոր ահազանգերը։
Արմեն Ռուստամյանը հավատում է, որ այս ընտրությունները կարող են փոփոխության սկիզբ հանդիսանալ երկրում եւ մայրաքաղաքում։ «Անհրաժեշտ է հավատալ եւ պայքարել՝ հաջողության հասնելու համար»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում ընթանում են ավագանում արդեն երկրորդ ընտրությունները։ Ամբողջ մայրաքաղաքում բացվել են 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:











