Որեւէ լծակ կամ լիազորություն չունենք, որ պատժենք պատգամավորներին: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով օրեր առաջ հրապարակված մայիսի 2-ի նիստից բացակա պատգամավորների ցուցակին:

ԱԺ նախագահի կարծիքով`  խորհրդարանը շատ լավ աշխատում է, ինքը պարզապես ցանկանում է, որ ավելի լավ աշխատի, պատգամավորները ակտիվորեն մասնակցեն նիստերին, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան:

«120-117 պատգամավոր միշտ մասնակցում է  մեր լիագումար նիստերին, եւ դա քիչ չէ, ուզում եմ տեղեկացնել, որ պատգամավորները աշխատում ենք նաեւ օրենսդրական նախաձեռնությունների վրա: Կողմնակից եմ, որ նրանք մասնակցեն 4 լիագումար նիստերին, մնացած օրերին իրենց աշխատասենյակներում թող զբաղվեն օրենսդրական նախաձեռնությամբ: Մենք այդ ցուցակը միշտ հրապարակելու ենք, պետք է հասկանանք, որ ավագանու ընտրություններ են եւ նրանց մեծ մասը մասնակցում է դրանց»,- ասաց նա:

Հարցին, թե այն, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի նիստի չի մասնակցել, հիմք չէ՞ տալիս նրան մանդատից զրկելու, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ «բոլոր պատգամավորները, իրենից սկսած, օրենքի առաջ պատասխանատու են հավասար» Հարցին,թե ավելի կոնկրետ պատասխան կտաք, նա հակադարձեց. «Ավելի կոնկրետ չէ՞ր իմ ասածը»:

Դիտարկմանը, թե հնարավոր է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որեւէ պատժամիջոց կիրառել, որ նա մասնակցի նիստերին, նա կրկնեց նույն պատասխանը. «Բոլոր պատգամավորները` ինձնից սկսած, հավասար են օրենքի առաջ»: