Այսօր՝ մայիսի 5-ին, առավոտյան ժամը 09:30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քանաքեռ 1-ին փող. 39 տան բնակչուհի Ռ. Կ.-ն և հայտնել, որ իրենց հարեւան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բացի այդ, Iditord.org-ը հրապարակել է Facebook-ի օգտատեր Արիանա Սողոյանի ահազանգը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ» ընկերության գրասենյակում (Գյուլբենկյան փողոց) ԲՀԿ-ն ընտրակաշառք է  բաժանում: Սողոյանը նշել է, որ այսօր  առավոտ ժամը 8-ից մարդկանց հոսքը չի դադարում դեպի այդ գրասենյակ:

ԲՀԿ-ում կտրականապես հերքում են ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը:

Տեսանյութը՝ Հենարան.am-ի