Սուրգուտի ոստիկանությունը քաղաքի մուտքի մոտ ձերբակալել է մականներով եւ դանակներով զինված 160 մարդու: Մայիսի 5-ին իրավապահները կանգնեցրել էին Նեֆտեյուգանսկից շարժվող 90 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը:
Մեքենանների ուղեւորների եւ վարորդների մոտ հայտնաբերվել էին մեծ թվով մականներ, մի քանի տրավմատիկ ատրճանակ եւ դանակներ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՆԳՆ-ի մարզային վարչության մամուլի ծառայությանը:
Ավտոշարասյան ուղեւորման նպատակը ճշտվում է: Ըստ նախնական տվյալների` երիտասարդները հաշիվներ պարզելու էին մեկնում:
Ապրիլի 13-ին Սուրգուտի ոստիկանությունը հայտնել էր զանգվածային հաշվեհարդարի կանխման մասին` քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի մոտ ձերբակալելով 180 զինված մարդու: Ձերբակալվածներից բռնագրավել էին տրավմատիկ եւ օդաճնշական ատրճանակներ, հրացան, մականներ, մուրճեր, երկաթե խողովակներ, մարզական սարքեր եւ եղաններ: Այն ժամանակ հաղորդվել էր, որ առեւտրի կենտրոնի մոտ հավաքվածները եկել էին պարզելու մեկ շաբաթ առաջ խանութում չորս տղամարդու միջեւ տեղի ունեցած տարաձայնությունը: Ընդ որում, տեղական լրատվամիջոցները հայտնել էին «Ռուսական զայրույթի օրվա» հետ Սուրգուտում կատարվածի հնարավոր կապի մասին, որն անցկացվում է ապրիլի 13-ի ողջ Ռուսաստանում` ուլտրաաջ ծայրահեղականների կողմից:











