Վճռաբեկ դատարանի դիմաց այսօր` մայիսի 8-ին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի, բողոքի ակցիա են կազմակերպել «Ազատություն Տիգրան Առաքելյանին» պաստառներով (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստը սկսվելու է ժամը 12.00-ին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատական նիստից,  ասաց, որ ոչ մի ակնկալիք չունեն, միաժամանակ նշեց, որ իրենք համակերպվող ուժ չեն եղել եւ շարունակելու են իրենց պայքարը: «Ուզում են նստեցնեն տարիներ շարունակ, գնդակահարեն, գողականով ճնշեն, ընտրությունները կեղծեն, թալանեն, մենք մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Հարկ է նկատել, որ հորդառատ անձրեւի տակ համակիրները անձրեւանոցներով շարունակում են բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am