Առայժմ չի ճշտվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կարկտահարությունից տուժած արմավիրցներին տրամադրվող դրամական օգնության չափը: Այս մասին այսօր` մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ Արմավիրի մարզ վարչապետի հետ այցելության ժամանակ հանդիպում ունեցան բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ, աղետի ծավալները բավականին մեծ են, 23 համայնքներ բերքի առումով 100 տոկոսով տուժել են կարկտահարությունից, իսկ մնացած 24 համայնքներում 20-80 տոկոսով տուժածություն կա:
«Քննարկումների ժամանակ որոշվեց աջակցության բոլոր ձեւերը, հողի հարկ, ջրի հարկ, վարկերի հետ կապված, դրանց փոխարինումը դրամայինի, տոկոսների իջեցումը, ժամկետների հետաձգումը, քննարկվեց խնդիրը, որ այս բոլոր աջակցության հետ մեկտեղ կա խնդիր, որ տրամադրվի դրամական օգնություն այն ժամանակահատվածում, երբ մեր համաքաղաքացիները չունեն այս պահին եկամուտները, որպեսզի կարողանան լուծել այսօրվա խնդիրները»,- նշեց նա:
Արտեմ Ասատրյանի խոսքով` հաշվարկել են այդ համայնքների բնակիչների թվաքանակը, հարյուր տոկոսով տուժած համայնքների բնակչության ընտանիքների թիվը կազմում է շուրջ 12 հազար, այժմ քննարկում են սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում, օրինակ` սոցիալապես անապահովներին օգնելու ծրագիր, հրատապ օգնություն տրամադրելու հարցը: «Հիմա դիտարկում ենք, թե ինչպիսի աջակցություն հնարավորություն կլինի անել, այդ վերլուծություններն են արվում, առաջարկություն կներկայացվի Կառավարություն, որից հետո համապատասխան որոշում կկայացնեն: Գումարի չափը դեռ ճշտված չէ»,- նշեց նա:
Արտեմ Ասատրյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված հիմնադրամին: Իսկ թե ինչպես է պատրաստվում ապրել այդ մեկ ամիսը, երբ ամեն ինչ թանկանում է, նախարարը նշեց, որ «կփորձենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում, այն ժամանակահատվածում, երբ մեր համաքաղաքացիները ունեն խիստ օգնության կարիք, իրենց օգտակար լինել, եթե մարդը իրեն նեղություն չի տալիս, ուրեմն ուրիշին չի կարող օգնել»:











