Ապագայում իրականացնելով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկված ծրագրերի մի մասը` մենք կունենանք լիովին պատշաճ մակարդակ ԼՂՀ փրկարար ծառայության գործունեության մեջ: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ընթացքում:

«Ինձ առիթ է ընձեռնվել ԱԻՆ ղեկավարության հետ քննարկումներ ունենալ: Այդ հանդիպումների ընթացքում մի շարք ծրագրեր են քննարկվել»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանի խոսքով, ԼՂՀ Տարածքային պաշտպանության ծրագիր ունի, որի համաձայն պաշտպանական միջոցառումներին մասնակցում է նաեւ փրկարար ծառայությունը: «Ինչպես հայտնի է, ԼՂՀ անվտանգությունն ապահովվում է շնորհիվ Զինված ուժերի ստորաբաժանումների, սակայն այդ միջոցառումներում մասնակցում են նաեւ Ազգային անվտանգության ծառայության եւ փրկարար ծառայության ստորաբաժանումները»,- ասել է նա:

Նա նաեւ նկատել է, թե 1994թ. հրադադարից հետո ԼՂՀ-ն մշտապես գտնվում է հատուկ արտակարգ իրավիճակում: «Ուստի փրկարար ծառայության գործունեությունը դիտարկվում է որպես հանրապետության անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներ: Ուստի կցանկանայի, որ համատեղ վարժանքներ իրականացվեն Ղարաբաղում»,- ընդգծել է Բակո Սահակյանը: