Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում ձեւավորված 36 քննական կենտրոնում առավոտյան 9.30  շուրջ 9000 դիմորդ քննություն է հանձնում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից (ֆոտոռեպորտաժ):  Այս մասին այսօր Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող թիվ 189 ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ քննության ավարտից ժամեր անց թեստերը կտեղադրվեն atc.am եւ gtk.am կայքերում, եւ դիմորդները հնարավորություն կունենան ստուգել իրենց թեստը: Քննության արդյունքների ցուցակները կկախվեն քննության օրվան հաջորդող 5 –րդ օրը, ծնողները, դիմորդները մեկ օրվա ընթացքում կարող են բողոքարկել քննության արդյունքը այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել են քննությունը:

Թիվ 189 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս կենտրոնում քննությանը պետք է մասնակցեր 276 դիմորդ, 9.30-ի դրությամբ կար 18 բացակա: Այս քննակենտրոնում քննություն էր հանձնում մեկ դիմորդ, որն ուներ տեսողական խանգարումներ, եւ նրա հետ աշխատում է տիֆլոմանկավարժը, այն ներկայացվել է համապատասխան դպրոցի կողմից ԳԹԿ-ի թույլտվությամբ:

Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոց էր այցելել նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա, ինչպես միշտ, ողջունեց դիմորդներին, հաջողություն մաղթեց նրանց, հետաքրքրվեց, թե ով որտեղ է դիմել, ով է վստահ եւ ով չէ իր ուժերին: «4 տարվա մեջ ժամանակը ցույց է տվել, որ իմ ոտը թեթեւ է, եթե թեթեւ էլ չի, էսքան լրագրողների մեջ մեկը կլինի, ում ոտը թեթեւ է»,- ասաց նախարարը:

Նա թե դիմորդներին, թե դրսում սպասող ծնողներին խոստացավ, որ այս քննական թեստը կլինի ավելի հեշտ, երկիմաստ, կրկնակի պատասխան պահանջող, ծուղակային հարցեր չեն լինի, իսկ եթե նման բաներ լինեն, այդ հարցերը կլուծեն հօգուտ դիմորդների: «Դուք մի երեխայի համար եք կանգնած, ես 15 հազար»,- հավաքված ծնողներին ասաց նախարարը: Ծնողները նախարարին զանազան հարցեր էին ուղղում թե ընդունելության քննության, թե «Հայոց լեզվի եւ հայ գրականության» թեստերի, թե զորացրվածների համար մագիստրատուրա ընդունվելու կարգի մասին:

Մանրամասները` տեսանյութում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am