Թուրքիայում հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած նոր բախումների մասին լուրեր են հասել: Անկարայում բազմահազարանոց ցույցը ցրել են ջրցաններով եւ արցունքաբեր գազով: Ստամբուլում նույնպես բախումներ են տեղի ունեցել:

Այսօր ցույց են անցկացնելու Թուրքիայի խոշոր արհմիությունները: Երթին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք պահանջելու են պատժել ցուցարարների նկատմամբ  ուժ կիրառած մեղավորներին, ազատել ձերբակալված ակտիվիստներին:

Երկրի ՆԳՆ-ն հայտնել է մեկ շաբաթվա բախումների հետեւանքով հասցված վնասի չափը` 70 միլիարդ թուրքական լիրա կամ 40 միլիոն դոլար: Տուժել է ավելի քան երեք հազար մարդ, հայտնում է vesti.ru-ն:

Ստամբուլի կենտրոնում զանգվածային ցույցի մասնակիցները մտադիր չեն դադարեցնել բողոքի ցույցը, թեեւ Թուրքիայի կառավարությունը ներողություն է խնդրել:

Նախօրեին երկրի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հրապարակային ներողություն էր խնդրել ոստիկանության գործողություններից տուժածներից եւ ցուցարարներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ցույցերը: Սակայն նա հրաժարվել էր ներողություն խնդրել նրանցից, «ովքեր անկարգություններ են հրահրել թուրքական քաղաքներում եւ փորձել բռնանալ թուրք քաղաքացիների ազատությանը»:
Ցույցի մասնակիցներից մեկը «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին հայտնել է, որ թուրքեըր կընդունեն միայն կառավարության ղեկավար Ռեջեփ Էրդողանի ներողությունը:

20-30 տարեկան հազարավոր երիտասարդներ հավաքվել են  Թաքսիմ հրապարակում եւ «Գեզի» այգում:

 «Գեզի» այգում առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու թուրքական կառավարության մտադրությունն էլ  հարուցել էր թուրքերի զայրույթը եւ զանգվածային ցույցերի հանգեցրել Ստամբուլում: Այժմ այգում վրանային ճամբար է տեղակայվել, մի քանի բուժկետեր են տեղակայվել: