Եվրոպայի ամենահին ավիաընկերություններից մեկը Չեխական ավիաուղիները Երեւանում նշեց իր ստեղծման 90-ամյա եւ Հայաստանից կատարված առաջին չվերթի 10-ամյա հոբելյանները: Այս տարիների ընթացքում մոտ 250 հազար ուղեւոր է փոխադրել Երեւանից եւ հակառակ ուղղությամբ: Չեխական ավիաուղիների հայաստանյան աշխատակիցների հետ տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ հյուրեր եւ ավիաընկերության հավատարիմ հաճախորդներ: Երեւան էր ժամանել նաեւ Չեխական ավիաուղիների տնօրենների խորհրդի անդամ, կոմերցիոն հարցերի ղեկավար Իրժի Մարեկը, ով համաձայնեց NEWS.am-ի հետ հարցազրույցի:
Պարոն Մարեկ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում Ձեր ընկերության գործունեության 10 տարիները: Որո՞նք են զարգացման ուղիները այս շուկայում Ձեր ընկերության համար:
Լավագույն ձեռքբերում այն է, որ մենք այսօր այստեղ ենք, եւ տոնում ենք Երեւան-Պրահա չվերթի տասնամյակը: Տասը տարի առաջ, երբ մենք բացեցինք չվերթը, այն իրականացվում էր շաբաթական երկու անգամ, իսկ այս տարի մենք արդեն ամեն օր չվերթ ենք իրականացնում, ինչը նշանակում է, որ մենք անընդհատ ավելացրել ենք մեր ուղեւորների թիվը, ինչը հանգեցրել է չվերթների ավելացման:
«Զվարթնոց» օդանավակայանի ծառայության գների շուրջ բազմաթիվ մեկնաբանություններ կան: Որպես ավիաընկերության ներկայացուցիչ Դուք ի՞նչ կարող եք ասել օդանավակայնի գների մասին:
Իհարկե, որպես սպառող, ես միշտ էլ կպնդեմ, որ շատ թանկ է, եւ ցանկանում եմ, որ ավելի էժան լինի: Բայց մյուս կողմից, օդանավակայանի գները կախված չեն գնային համակարգից: Մենք սակագները կազմում ենք, որպես չվերթի հաճախորդ, իսկ օդանավակայանը իր գները սահմանում է այնպես, որ վճարը գանձի ուղեւորից: Իհարկե, տոմսի արժեքից մի մասը օդանավակայանինն է:
Տնտեսական ճգնաժամը ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, ներառյալ ուղեւորափոխադրումների ոլորտը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք Դուք որդեգրել, որպեսզի կարողանաք հաղթահարել հետեւանքերը: Ձեր ընկերությունը նվազեցնում է չվերթների քանակը, թե գնում է ավելի շատ ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Իրականում, մենք մի փոքր առաջ անցանք մրցակցությունից, քանի որ մենք դեռ երեք տարի առաջ սկսեցինք վերափոխման ծրագիրը: Նախորդ տարի մենք իրականացրինք ուղղությունների ծավալների կրճատումները, իսկ այս տարի արդեն մենք մոտավորապես հինգ տոկոով ավելացրել ենք փոխադրումների ծավալը:
Ձեր ընկերությունը Եվրոպայում ամենահին ավիափոխադրող ընկերություններից է: Հաշվի առնելով 90 տարվա Ձեր ընկերության փորձառությունը, ինչ եք կարծում առաջիկա 20 տարիներում ինչպիսի փոփոխություններ են սպասվում ավիափոխադրումների ոլորտին:
Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա այս տարի Չեխական ավիաուղիները լավ ձեռբերում արձանագրեց, քանի որ մենք, ի դեմս հարավկորեական Այր Կորեայի, ունեցանք ռազմավարական ներդրող: Այս ընկերությունն այժմ Չեխական ավիաուղիների բաժնետոմսերի 44 տոկոսի սեփականատերն է: Այս ռազմավարական գործընկերությունը կօգնի Եվրոպայում ավելի զարգացնել ավիափոխադրումները եւ կապել ասիական օդուղիները Պրահայի հետ:
Մեր տարածաշրջանը քաղաքական բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք անդրադառնում են նաեւ օդային փոխադրումներին: Թուրքիան երբեմն սպառնում է, որ փակելու է Հայաստանի համար իր օդային տարածքը, Ադրբեջանը սպառնում է, որ կործանելու է Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը, կամ Ռուսաստանն ու Վրաստանն են փակում միմյանց համար օդային տարածքները: Ինչպե՞ս եք այս իրավիճակում կարողանում հաղթահարել այս խնդիրները:
Մեր կանոններից մեկն է՝ թողնել քաղաքականությունը՝ քաղաքական գործիչներին: Մենք չենք մեկնաբանում քաղաքականությունը, եւ այստեղ ենք բիզնեսի համար: Մենք հիմնականում աշխատում ենք Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայում, ԱՊՀ երկրներում: Մեր մշակույթը, պատմությունը եւ լեզվի իմացությունը մոտ է այս տարածաշրջանին: Մեր անձնակազմի գրեթե բոլոր անդամները խոսում են ռուսերեն, որը այս տարածաշրջանում նույնպես տարածված լեզու է, եւ ընտրության դեպքում Չեխական ավիաուղիները այս տարածաշրջանի ուղեւորների համար նույնպես նախընտրելի է:
Ինչպես արդեն նշեցիք, Ձեր ընկերությունը սկսել է համագործակցությունը Կորեական ավիաուղիների հետ, եւ զարգացնում է ուղղությունները դեպի արեւելք: Արդյոք Ձեր կարծիքով ավիափոխադրումների ապագան ասիական շուկայո՞ւմ է:
Այո, իհարկե: Վիճակագրությունը փաստում է, որ Եվրոպան կամ դոփում է տեղում կամ նույնիսկ նվազում է երկու տոկոսով: Միակ աճող շուկան Ասիան է հետո Լատինական Ամերիկան: Աֆրիկան նույնպես դանդաղ քայլերով աճ է գրանցում: Հաշվի առնելով մեր շահերը եւ Պրահայի գրավչությունը Ասիայի բնակիչների համար, մենք բնականաբար շարժվում ենք այդ ուղղությամբ:











