Մոսկվայում, հուլիսի 13-ին, տեղի ունեցած ավտովթարի պատճառով կալանավորված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասին պատմող «Վեստի»-ի աղմկահարույց ռեպորտաժը, որը NEWS.am-ի հրապարակումից հետո արգելվել էր Հայաստանի տարածքում դիտելու համար, հայտնվել է YouTube-ում:
Հիշեցնենք, որ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունն իր «Վեստի» տեղեկատվական խմբագրության կայքում արգելափակել է Հրաչյա Հարությունյանի դատավարության սկանդալային տեսանյութի հասանելիությունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ NEWS.am-ը հրապարակել էր «Հայաստանի քաղաքացու նկատմամբ ծաղրը՝ ռուսական պետական հեռուստաալիքների նոր կրեդո՞» հոդվածը, որտեղ շեշտը դրվել էր Հրաչյա Հարությունյանի նկատմամբ «Վեստիի» թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպորտաժի վիրավորական բնույթի վրա: Հիշեցնենք, որ Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել կանացի ծաղկավոր խալաթով:
Մեր նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց Հայաստանի բնակիչների համար արգելափակվել է Հրաչյա Հարությունյանի դատի սկանդալային տեսանյութի հասանելիությունը: Տեսանյութը դիտելու փորձի ժամանակ էկրանին հայտնվում է հետեւյալ տեղեկությունը. «Տեսանյութն արգելված է դիտել Հայաստանի տարածքում»:
Թե ինչ իմաստ ունի տեսանյութի արգելափակումը, որը ցուցադրվել է ոչ միայն Ռուսաստանի պետական «Ռոսիա-1» եւ «Ռոսիա-24» հեռուստաալիքների, այլ նաեւ պետական հեռուստատեսության միջազգային տարբերակի՝ «PTP Պլանետա»-ի եթերում, որը վերահեռարձակվում է Հայաստանի տարածքում ազգային մետրային հաճախականությամբ, մնում է անհասկանալի, քանի որ բազմաթիվ մարդիկ են դա տեսել:











