Երեւանի քաղաքապետարանի մոտ, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 11-ին, սկսվել է բողոքի ակցիա՝ տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված (ֆոտոռեպորտաժ):

Ակցիայի սկզբին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրշմտոց, քաշքշուկ եղավ, քանի որ ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտենալ քաղաքապետարանի մուտքին:

Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները նստած են քաղաքապետարանի շենքի աստիճաններին, իսկ ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը: Ցուցարարների ձեռքին զանազան գրություններով պաստառներ են` «Վարորդ, միացիր պայքարին», «Վերջ գծատերերի լպիրշությանը»: Մեկ այլ պաստառի վրա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի լուսանկարներն են, որոնց վրա կարմիրով խաչ է քաշված:

Ցուցարարները նաեւ մանրադրամներ են նետել քաղաքապետարանի դիմաց:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը եւս քաղաքապետարանի մոտ է, նրան հաջողվել է անցնել ոստիկանական պատը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am