ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ոստիկանությունը կանգնեցրել է արագությունը գերազանցած մեքենայի կին վարորդին, որը թեեւ կանգնել է, բայց չի ցանկացել վճարել տուգանքը, ինչի պատճառով կինն ու ոստիկանը վեճի են բռնվել, որն ավարտվել է կրակոցներով։

Պատահարը նկարահանել է ոստիկանական մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը:

Մեքենան կանգնեցնելուց հետո Օրիանա Ֆերելը սկսել է վիճել ոստիկանի հետ, իսկ երբ ոստիկանը մի պահ հեռացել է՝ իր մեքենայից տուգանքի համար անհրաժեշտ թղթերը բերելու, կինը մեքենայով փախուստի է դիմել։

Ոստիկանը սկսել է հետապնդել նրան, նորից է կանգնեցրել ու պահանջել է դուրս գալ մեքենայից, սակայն Օրիանան չի ենթարկվել, ու ոստիկանը ստիպված է եղել նրան ուժով դուրս հանել մեքենայից:

Մեքենայի մեջ նստած կնոջ 5 երեխաները սկսել են բղավել, իսկ մի քանի վայրկյան անց Օրիանայի 14-ամյա տղան դուրս է եկել մեքենայից ու փորձել է կռվել ոստիկանի հետ: Բայց երբ ոստիկանը հանել է էլեկտրաշոկը, տղան վերադարձել է մեքենա։

Ոստիկանին վերջապես հաջողվել է Օրիանային դուրս հանել մեքենայից և խոսել նրա հետ, բայց երբ նա հրահանգել է կնոջը շրջվել դեմքով դեպի մեքենան, Օրիանան կրկին փորձել է փախուստի դիմել: Ոստիկանը հանել է մահակը, կոտրել մեքենայի ապակին ու փորձել ընտանիքին դուրս հանել մեքենայից, բայց Օրիանային հաջողվել է կրկին փախուստի դիմել։

Օգնության հասած ոստիկաններից մեկը երեք անգամ կրակել է 5 երեխաներով լցված հեռացող մեքենայի վրա։

Տասը րոպե հետապնդելուց հետո ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կնոջն ու նրա որդուն:

The Taos News-ը տեղեկացրել է, որ ոստիկանները մեքենայի միջից  մարիխուանայի 2 գլանակ են գտել: