Ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ռումբի առկայության մասին ահազանգով Կիեւյան փողոցի թիվ 3 շենքում գործող «Արցախբանկ» մեկնած ոստիկանությունը փակել էին Օրբելի փողոցը, ինչի հետեւանքով խցանում էր առաջացել Բաղրամյան եւ Կիեւյան փողոցներում։

Ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ «Ահազանգը կեղծ էր, ակնադիտական եղանակով մանրամասն ուսումնասիրություն է կատարվել, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, ոչ մի կասկածելի առարկա չկա տարածքում»,-NEWS.am-ին ասաց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ Մկրտիչ Ուլիկյանը։

Արդեն հայտնի էր, որ ահազանգը կեղծ է եղել, բայց թիվ 28 մանկապարտեզի սաների հետեւից գալիս էին ծնողները եւ տուն տանում: «Զանգեցին, ասացին, որ կողքի բանկի շենքում կարող ա պայթուցիկ նյութ կա, գամ երեխուս տանեմ, սովորական ժամից մեկ ժամ շուտ»,- պատմեց երեխաներից մեկի մայրը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ահազանգը ստացվել էր ժամը 14։18-ին։ Ահազանգողն ասել էր, որ Երևանի «Արցախբանկի» Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել էին բանկի աշխատակիցներին, հարակից մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բանկի աշխատակիցները, մանկապարտեզի սաներն ու աշխատողներն արդեն վերադարձել են շենք ու անցել բնականոն աշխատանքի։