Վարդգես Գասպարին մեկօրյա հացադուլ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև, որով իր բողոքն է արտահայտում ՄԻՊ-ից իր հանդեպ ոստիկանության «անօրինական» գործողությունների մասին չբարձրաձայնելու համար։
«Օգոստոսի 23-ին ինձ ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժին, առանց փաստաթղթերի ձևակերպման, որի մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղյակ է: Մինչև հիմա ես պահանջում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակի այդ ինֆորմացիան, սակայն ինքը ձեռնպահ է մնում»,- NEWS.am-ին ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը նոյեմբերի 28-ին կառավարության մոտ էր եկել՝ սատարելու զոհված զինծառայողների մայրերին։
Վարդգես Գասպարիի խոսքով՝ պատժելի արարք է հանցագործության մասին ինֆորմացիան չհրապարակելը. «Ես կարող էի նաև իրավական հարթության մեջ դիմել դատարան և պատասխանատվության կանչել հանցագործության մասին ինֆորմացիան չհրապարակելու, թաքցնելու համար»:
Վարդգես Գասպարին, սակայն, չի պատրաստվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դատի տալ:











