Բյուրեղավանի հիմնական դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները բարեգործությամբ են զբաղվում: Նրանք սեփական նախաձեռնությամբ պարբերաբար նվիրատվություն են կազմակերպում իրենց ավանում գործող միակ մանկապարտեզի սաների համար: Նրանք հրաժարվում են դպրոցում իրենց հասանելիք քաղցրաբլիթներից եւ նվիրում դրանք իրենց կրտսեր ընկերներին։

Նոր տարվան ընդառաջ դպրոցականները անակնկալ են մատուցել մանկապարտեզի սաներին՝ նվիրելով նրանց նաեւ ամանորյա նվերների զամբյուղ։

Աշակերտների դասվարը` Թեհմինե Հայրապետյանը, կարծում է, որ երեխաների այս նախաձեռնությունը դաստիարակչական բնույթ ունի: Ուսուցչուհու խոսքով՝ դա այս տարիքի երեխաների մեջ հոգատարություն սերմանելու լավագույն ձեւերից է։