Երեւանի Շևչենկո և Չեխովի փողոցների խաչմերուկում կառուցվող խանութի համար կոյուղագծեր անցկացնելու շինարարական աշխատանքների պատճառով նոյեմբերի 30-ին փակել էին Շևչենկո փողոցը: Շևչենկո 7 և Չեխովի 12 շենքերի բնակիչների ահազանգով շինհրապարակ այցելած  NEWS.am-ի նկարահանող խումբը հանդիպեց նաեւ խանութի սեփականատեր Արմեն Սահակյանին։

«Թաղապետարանը խանութի կոյուղագծերը անցկացնելու համար թույլտվությունը ստացել է քաղաքապետարանից, պայմանագիր ունենք, որ պիտի արագ վերականգնենք այս շինարարական աշխատանքները, վաղը երևի ավարտենք»,- NEWS.am-ին ասաց Արմեն Սահակյանը:

Շինարարական աշխատանքներ կատարելու համար սեփականատիրոջը 6 օր ժամանակ են տվել, սակայն Արմեն Սահակյանի խոսքով՝ իրենք 2 օրում աշխատանքները ավարտին կհասցնեն:

Բնակիչները դժգոհում են, որ շինությունը կառուցելուց առաջ սեփականատերը հարակից շենքերի բնակիչների կարծիքը հաշվի չի առել. «Պետք է մինչև շինարարությունն սկսելը տեղյակ պահեին և ամեն սուբյեկտին վնասը փոխհատուցեին: Քաղաքապետը ամբողջ շենքը սարքել է դրախտային վայր, իրենց էլ մեկուսացրել են հասարակությունից, գաղտնի մտնում են, գաղտնի դուրս են գալիս, իսկ ժողովրդին էլ գայլը թող գա ու տանի, իրանց հեչ հետաքրքիր էլ չի»,- ասաց Հայրապետյան Սոֆին:

Բնակիչները մեղադրում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին շինարարությունը թույլատրելու համար:

«Էս թող իրենց համար դամբարան լինի, եթե մեզ հասցրել են էն աստիճանի, որ մենք բոլորս դարձել ենք ներվային»,-ասաց Չեխովի 12 շենքիբնակիչ Աննա Վարդանյանը:

Բնակիչների խոսքով՝ շինության և շենքի միջև սահմանված 6 մետր թույլատրելի հեռավորությունը խախտել են՝ թողնելով 5 մետր, փակել են բակ մտնող մեքենաների տեսադաշտը, շինության պատճառով առաջին հարկի լուսամուտները զրկվել են արևի լույսից, նաև շինարարական աշխատանքների ձայնը խանգարում է բնակիչների հանգիստը: Բնակիչները հոկտեմբերի 21-ին դիմել են դատարան` պահանջելով պատասխանատվության կանչել քաղաքապետին և գլխավոր ճարտարապետին սխալ որոշում կայացնելու համար։