Երեւանի Նալբանդյան փողոցում ոստիկանները երեք շարք պատ կազմած արգելափակել են ՌԴ նախագահ Պուտինի այցելության կապակցությամբ Մաքսային միության դեմ բողոքի երթի մասնակիցների ճանապարհը, բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին եւ շրջափակման մեջ վերցնելով Սախարովի հրապարակ մտած մի խումբ ակտիվիստներին՝ նրանց հեռացրել հրապարակից։

Որոշ ժամանակ կանգնելուց հետո երթի կազմակերպիչները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցել եւ համաձայնության եկել, որ խաղաղ հավաքը կշարունակեն Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարակից տարածքում։ Այս լուրը, սակայն, առաջացրել է հավաքվածների վրդովմունքը, որոնք արձագանքել են «ոչ, ոչ», «սրտներս երթ ա ուզում» վանկարկումներով։

Այս պահին ակտիվիստները կանգնել են մետրոյի հարակից տարածքում՝ չորս կողմից շրջափակված ոստիկաններով։