Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության՝ սահմանամերձ շրջանների բնակիչների օգնության ծրագրի շրջանակում 2013թ. Տավուշի մարզի գյուղական հինգ համայնքներում վերակառուցվել կամ անցկացվել են ջրատար խողովակներ:
Խոսքը Դովեղ, Բերքաբեր, Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար եւ Չինարի գյուղերի մասին է: 15 մլն դրամ արժողությամբ ծրագրի շնորհիվ խմելու ջրով ապահովվել է 2800 մարդ:
Այգեպարի մանկապարտեզում նույն ծրագրի շրջանակում փոխվել են դռներն ու պատուհանները, տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Ծրագրի արժեքը կազմել է 2 մլն 211 հազար դրամ:
Բացի այդ, 2013թ. հինգ՝ Դովեղ, Բերքաբեր, Ներքին Կարմրաղբյուր, Բարեկամավան եւ Չինարի գյուղերի բնակիչներին ցորենի եւ կարտոֆիլի սերմացուներ եւ բաժանվել, մրգատու ծառերի տնկիներ, պարարտանյութեր: Ծրագրում ընդգրկվել է 1150 ընտանիք:
Լրագրողների հետ զրույցում, Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն անդրադարձել է շրջանում ԿԽՄԿ-ի գործունեությանը՝ նշելով, որ կազմակերպությունը գյուղին օգնում է 1998թ.-ից, եւ այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել:
Տվյալ ծրագիրը մեկնարկել էր նախորդ տարի, այն ժամանակ հաջողվել էր 70%-ով ապահովել գյուղի ջրամատակարարումը (նախկինում ջրատար չկար, գյուղացիներն օգտվում էին երեք աղբյուրներից): Այս տարի ծրագիրն ավարտվեց: Գրեթե բոլոր տներում արդեն ջուր կա: «Մեր գյուղը լեռնային է, եւ խմելու ջրի խնդիր միշտ ենք ունեցել», - ընդգծել է գյուղապետը:
Գյուղում կա մանկապարտեզ, որն ունի 25 սան եւ դպրոց՝ 125 աշակերտով: Երկու կրթական հաստատություններն էլ սահմանից կես կիլոմետր են հեռու: «Կա մշակութային կենտրոն, որի բացումը կկայանա շուտով», - հայտնել է Մանվել Կամենդատյանը եւ հավելել, որ գյուղի հիմնական խնդիրներից է այն, որ ցանքատարածությունների մեծ մասը հակառակորդի գնդակոծման տակ է:Այնուամենայնիվ, գյուղում արտագաղթի ալիք չկա եւ բնակիչները չեն պատրաստվում լքել հայրենի տունը», - ընդգծել է գյուղապետը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նշել է, որ գյուղի մանկապարտեզը կառուցվել էր 1963թ. եւ այդ ժամանակից ի վեր դռներն ու պատուհանները չէին փոխվել, թեեւ վերանորոգում արվել էր՝ Լոս Անջելեսի հայկական կազմակերպության օգնությամբ: ԿԽՄԿ ծրագրի շնորհիվ փոխվել են շենքի դռներն ու պատուհանները, ինչը թույլ է տալիս ջեռուցման հարցում գազի էական խնայողություն կատարել: Նաեւ տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Գյուղի առայժմ չլուծված այլ խնդիրների շարքում գյուղապետը նշել է տների կաթացող տանիքները: Մյուսը բնակչության զբաղվածության խնդիրն է, քանի որ Այգեպարը սեփական հող չունի: Ժամանակին այստեղ կային գինու, պահածոների, ծխախոտի գործարաններ, օդանավակայան: Հակամարտության սկզբում գործարաններն ավերվեցին: Լրագրողների հետ զրույցում գյուղացիները, նշելով նմանատիպ ծրագրերի կարեւորությունը, միաժամանակ մատնանշեցին պետական մարմինների կողմից ոչ բավարար աջակցությունը:
«Մենք այստեղ ապրում եւ հող ենք մշակում բառացիորեն հակառակորդի գնդակի տակ, եւ կարծում ենք, որ պետությունը ավելի շատ պետք է աջակցի սահմանամերձ գյուղերին», - նշել են բնակիչները, որոնց մեծ մասի տներին երեւում են հակառակորդի կրակոցների հետքերը:
Ամփոփելով ծրագրի իրագործման արդյունքները՝ ԿԽՄԿ պատվիրակ Մատիաս Վայնրայխը նշել է, որ պատվիրակությունը գոհ է: Նրա խոսքով՝ հաջողության հասնելը հնարավոր դարձավ կառավարության եւ տեղական իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ:
«Մեզ համար եւս բավական դժվար էր սահմանամերձ գյուղական համայնքներում աշխատելը: Եվ ակնհայտ է, թե որքան դժվար է բնակչության համար: Այդ պատճառով իշխանությունների եւ բնակչության հետ համագործակցությունը ողջունելի է: Մեր նպատակը տեղի բնակիչների բեռը թեթեւացնելն է: Չէ՞ որ նրանց կենցաղային խնդիրներին գումարվում է նաեւ անվտանգության հարցը», - նշել է պատվիրակը՝ ընդգծելով, որ հակառակ կողմում եւս նույնանման աշխատանք է տարվում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
«ԿԽՄԿ-ն հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով է աշխատում: Պատերազմն իր կնիքն է թողնում երկու կողմում էլ», - ընդգծել է Վայնրայխը:











