Հայաստանի խորհրդարանը 72 կողմ ձայնով 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրերը:

ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մինչեւ քվեարկությունը հավաքել էր նրանց քարտերը, որպեսզի չկարողանան քվեարկել։ Ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին քվեարկությունը եւ դուրս եկան դահլիճից։

ԱԺ-ում աշխատող լրագրողների մի մասն իր դժգոհությունը հայտնեց քվեարկությունից՝ թակելով լրագրողների սենյակի ապակիները։ Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատողներին խնդրեց կարգի հրավիրել լրագրողներին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել էին իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով փաստացի մինչեւ 2043 թվականը Հայաստանը զրկվում է որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծելու կամ գազի ներմուծման պայմանները փոխելու հնարավորությունից։

Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ «Աժ կանոնակարգ» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 7 անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: Քանի որ դեկտեմբերի 23-ին Աժ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից  4-ը՝  Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մասնակցել որեւէ գործընթացի, ուրեմն հանձնաժողովը «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել, եւ համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված համարել չի կարելի։

Այս հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից ՝Լեւոն Զուրաբյան եւ «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը: