Ոստիկանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 28-ին` ժամը 20-ին, Երևանի Սիսակյան փողոցի 4 շենքի 13,14 բնակարաններում ավազակային հարձակում է կատարվել: Երկու հոգի ատրճանակի սպառնալիքով բնակարանի տիրուհուց պահանջել են 100 հազար ՀՀ դրամ և գումարը չստանալով` ստուգել են բնակարանի դարակները և հեռացել դեպքի վայրից: Տուժողը հարձակման պահին տանը մենակ է եղել:

Ոստիկանությունը հայտնում է, որ իրենց հաջողվել է պարզել ավազակային հարձակում կատարողների ինքնությունը:

Ոստիկանները դեկտեմբերի 1-ին բերման են ենթարկել Գոռ Մինասյանին և անչափահաս Արթուրին:

Կասկածյալները խոստովանական ցուցմունք են տվել:

Ըստ նախաքնության նախնական տվյալների` ավազակային հարձակումը մտահղացել է Մինասյանը և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնությամբ գալով Արթուրի հետ նոյեմբերի 28-ին` ժամը 20-ին մտել են տուժողների տուն:

«Ոտքս կապտացրեց, խփեց ինձ ուժեղ, ձեռքս ա ոլորել ու 100 հազար գումար ա պահանջել: «Որ 100 հազար չտաս քեզ ստեղ կսպանեմ»: Ես էլ իրան ասեցի էդ գումարը ես չունեմ, քաշ տալով տարավ ներսի սենյակ` մազերիցս բռնելով, որ սերվանդի դարակները քանդեր»,- ոստիկաններին պատմել է տուժողը:

Տուժողը, վախենալով, որ Գոռ Մինասյանը կարող է նորից վերադառնալ ու վնասել իրեն, դեպքից անմիջապես հետո հեռացել է տնից ու գիշերել փողոցում:

Գոռ Մինասյանն ասել է, որ ճանաչում է տուժողին և չի ցանկացել վնաս պատճառել նրան, պարզապես որոշել էր մի քիչ զվարճանալ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: