Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների բողոքի երթի մասնակիցները հունվարի 10-ին Ազատության հրապարակից քայլելով հասան Կառավարության շենք, որտեղ սուլոցներով եւ «ամոթ», «հեռացիր» վանկարկումներով արտահայտեցին իրենց դժգոհությունը երկրում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ։

Կառավարության շենքից դուրս եկավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որին ցուցարարները դիմավորեցին սուլոցներով եւ «ամոթ», «հեռացիր», «պուտինկեք» վանկարկումներով։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հրայր Թովմասյանը նստեց իր մեքենան, մի փոքր առաջ գնալուց հետո, սակայն, մեքենան կանգնեց, նախարարը դուրս եկավ, ինչից հետո ոստիկաններն արագ պատ կազմեցին ցուցարարների ու նախարարի միջեւ։

Շանթ Հարությունյանի գործով նախաքննության ընթացքի մասին նախարարի դիրքորոշման մասին լրագրողների հարցին Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ որպես նախարար ինքը ոչինչ չի կարող ասել իր դիրրքորշման մասին։

Հավաքվածքներն անընդհատ սուլում էին եւ բղավում՝ խեղդելով նախարարի ձայնը եւ լրագրողներին հորդորելով չլսել նախարարին։

Ի վերջո ցուցարարները հեռացան՝ շարժվելով դեպի գլխավոր դատախազության շենք։ Այստեղ երթի մասնակիցները վանկարկում են «Դուրս արի փողոց», «Մենք բոլորս Շանթ ենք», «ամոթ», «անսերժ Հայաստան», «տեսակցություն» «Նոր տարի առանց քաղբանտարկյալների ու առանց Սերժ Սարգսյանի», «քաղբանտարկյալների հետ վարվում են թուրքի պես» «Ձեր տաք սենյակները Ձեզ չեն փրկի», «Կոկորդիլոս ուտելով չի Նոր տարին»։

«Այսօր Հայաստանում կան շատ քաղբանտարկյալներ, որոնք ապրում են շատ ծանր պայմաններում, բայց Դատախազությունը չի թողնում որպեսզի նրանք կարողանան բուժվել , հանդիպել հարազատների հետ: Բայց դատախազության աշխատակիցներ, ամեն ինչ փոխվելու է, այս ռեժիմին վաղ թե ուշ հաղթելու ենք, նրանք հեռանալու են, դուք նույնպես»,- բարձրախոսով հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Ոստիկանները շենքի դիմացի մայթի պատ էին կազմել եւ ցուցարարներին թույլ չէին տալիս մոտենալ շենքին։ Երթի մասնակիցները պահանջում են, որ գլխավոր դատախազը թույլ տա Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների հարազատների տեսակցել կալանավորվածներին։

Երթի մասնակիցներն այնուհետեւ շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։ Հասնելով կառավարության շենքի մոտ մոտ կրկին սկսեցին վանկարկել «պուտինկեք» եւ միջնամատ ցույց տվեցին կառավարության աշխատողներին։

Ոմանք իրենց հետ բերել են նաեւ Մաքսային միության դեմ կոչերով պաստառներ։

Երթի մասնակիցներին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մասնակիցների թվում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am