79-ամյա միայնակ թոշակառու Պայծառ Մակարյանի տնակում NEWS.am-ի անդրադարձից հետո էլեկտրականություն են անցկացրել: Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ի տեսանյութից հետո մեծ թվով քաղաքացիներ էին զանգահարել NEWS.am-ի խմբագրություն՝ Պայծառ տատին օգնելու պատրաստակամությամբ։

«Հոգաչափ շնորհակալություն եմ հայտնում, որ լույս ունեմ: Շնորհակալ եմ նրանց, որոնք եկան լույսը քաշեցին, օգնեցին»,- հունվարի 16-ին կառավարության շենքի մոտ NEWS.am-ին ասաց Պայծառ Մակարյանը:

Միայնակ թոշակառուն պատմեց, որ մեր տեսանյութից հետո անծանոթ քաղաքացիներ են այցելել իրեն, սննդամթերք բերել, մի աղջիկ էլ հին վերարկու է նվիրել:

Պայծառ տատը էլեկտրաէներգիայի վարձը դեռ չի վճարել. «Մի կետ եմ վառում, վախենում եմ, ո՞նց եմ վարձը տալու»:

Թոշակառուն ամսական ստանում էր 20 հազար դրամ թոշակ, որը հունվարից 25 հազար է դարձել, բայց միևնույն է՝ չի բավականացնում առօրյա ծախսերը հոգալու համար:

Պայծառ տատը միշտ ինքն է հոգում իր ծախսերը՝ արեւածաղիկ վաճառելով։ Բայց ցրտի պատճառով չի կարողանում դրսում երկար մնալ։

«Մի քիչ էլ որ օգնեն, օրերը կտաքանան, կգնամ արևածաղիկ վաճառելու»,- ասաց Պայծառ Մակարյանը և շտապեց տուն, քանի որ արդեն մրսում էր: