Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի վայրի արձանագրությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անթույլատրելի չի ճանաչի, անգամ եթե արձանագրության տակ որպես ընթերակա ստորագրած Վազգեն Գարեգինի Կարապետյանը չգտնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Ես հասկացա, որ ընթերականերից մեկը ինչ-որ մի տվյալ ճիշը չի ասել: Անվան կամ հայրանվան մի տառն էլ սխալ գրվի, էդ անունը կփոխվի ու կդառնա խնդիր: Բայց չի կարելի ասել, որ երկրորդ ընթերական չի եղել: Այս ապացույցը անթույլատրելի չի ճանաչվի: Անթույլատրելի կճանաչվեր, եթե ինչ-որ ստորագրություններ կեղծված լինեին, ինչ-որ տարբերություններ լինեին ստորագրությունների մեջ ու ապացուցվեր, որ սա իրականում մեկ ընթերակայով կատարված զննությունն է»,- կարծիք հայտնեց Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, հավաստիացնում է, որ ապացույցը պետք է անթույլատրելի ճանաչվի, քանի որ հայտնի չէ՝ այդ մարդը իրավունք ուներ ներգրավվել որպես ընթերակա, թե ոչ:
«Ինչ որ մեկը ստորագրել է այդ թղթի տակ: Դա եղել է ոստիկանության աշխատող, թե եղել է ինչ-որ մի անձ, որն ուղղակի ստորագրել է փաստաթղթի տակ, հայտնի չէ: Եթե հայտնի չէ, ապա չենք կարող իմանալ՝ ինքը իրավունք ուներ լինել, ընթերակա թե ոչ: Սա իմանալու համար անհրաժեշտ են տարրական իրավաբանական գիտելիքներ», - նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ այս իրավիճակում արադարացում չի կարող լինել այն, որ ընթերական ինչ-որ տվյալ սխալ է հայտնել, եւ այդ պատճառով չեն կարողանում գտնել նրան: Նիկոլայ Բաղադասարյանը պնդում է, որ քննիչը պարտավոր էր անձնագրով ստուգել քաղաքացու տվյալները, նախքան նրան որպես ընթերակա ներգրավելը:
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին կատարված դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերականերից մեկի տվյալներով մարդ Հայաստանում չկա (Կոտայքի մարզի Զորավան գյուղ, 1985թ. ծնված Վազգեն Գարեգինի Կարապետյան): Դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հանդես է եկել այդ ապացույցը անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ՝ մատնանշելով, որ այն ձեռք է բերվել քննչական գործողությունների խախտմամբ:
Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ արձանագրության վավերականությունը որոշելը կարեւոր է այնքանով, որ եթե այն անվավեր ճանաչվի, դերասան Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։











