Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ արդեն մեկ տարի 3 ամիս կալանավայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանի 7-ամյա դուստրը՝ Սվետա Ավետիսյանը, միայն մեկ նվեր է ուզում Նոր տարվա համար՝ հոր ազատությունը։ NEWS .am-ի հետ զրույցում փոքրիկ Սվետան ասաց, որ այդ նվերը հանրապետության նախագահից է խնդրել, եւ նույնիսկ նամակ է գրել նրան։

«Պապան էն ժամանակ գնում էր միտինգի, որ ժողովրդին պաշտպանի ու թոշակները բարձրացնի, հիմա ես նախագահից խնդրում  եմ, որ պապայիս ազատի ու տուն բերի, թողնի` մենք մեր համար հանգիստ ապրենք»,-ասաց փոքրիկ Սվետան։

Վոլոդյա Ավետիսյան կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, շարունակում է պնդել, որ ամուսնումեղադրանքը շինծու է, եւ իրենք չեն փոշմանում Վոլոդյայի՝ ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավմանն ուղղված պայքարի համար. «Ինքը կալանավայրում էլ է շարունակում պայքարել, մենք միանում ենք իր պայքարին, արդեն 6 ամսական երկու թոռնիկներով, որոնց Վոլոդյան միայն նկարներով է տեսել»։

Տիկին Մարգարիտայի կարծիքով՝ Վոլոդյայի անմեղությունն ապացուցում է նաեւ այն, որ նրան նախաքննության ընթացքում գումար եւ պաշտոն են առաջարկել:

«Այս ամենը տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, երբ նրանք համաձայնության չեկան, եւ Վոլոդյան չդադարեցրեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարը»,-ասաց տիկին Մարգարիտան։

Տիկին Մարգարիտան կարծում է, որ հիվանդ որդուն՝ Ավետիսին բանակ զորակոչելը ամուսնու վրա ազդելու միջոց էր, որպեսզի նա հետ կանգներ իր պայքարից։

Նրա խոսքով՝ Ավետիսի առողջական վիճակը հիմա էլ լավ չէ. «Ես չեմ ցանկանում, որ որդիս չծառայի, եթե մեկ տարի ծառայել է,թող շարունակի, բայց միայն նորմալ բուժվելուց, վիրահատվելուց հետո: Ստամոքսի խոցը ցավում է, զոբն է իրեն նեղություն տալիս, դե բնական է՝  իրանք գիտեն, որ հիվանդ է, բայց ասում են՝ վիճակը լավ է»։

Ամանորին տիկին Մարգարիտան ազատություն մաղթեց Վոլոդյային եւ մյուս քաղբանտարկյալներին:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Նրան առաջին ատյանի դատարանը դատապարտել է 6 տարի, 6 ամիս ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան, որը դեռ վարույթ չի սկսել: