Ամերիկացի բուժքույր Ֆլորենս Ռիգնին 90-ամյա հոբելյանն աշխատավայրում է նշել: Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի բնակչուհին, ով ներկայում շաբաթական երկու է աշխատում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1946 թվականին:
Ռիգնիին ուղղված շնորհավորանքների տեսանյութը YouTube-ում հրապարակել է նրա գործընկերուհին՝ Մարթի Շուլցը: Մի քանի օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 100 հազար դիտում է ունեցել: Բուժքրոջը շնորհավորել է նաեւ նահանգապետ Ջեյ Ինսլին. նա Ռիգնիին նամակ է ուղարկել:
Ըստ Lenta.ru-ի, գործընկերներին շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ռիգնին նշել է, որ նրանց կողմից ուշադրությունը չափազանց կարեւոր է իր համար:
Ֆլորենս Ռիգնին ծնվել է 1925 թվականին: Քոլեջն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հիվանդանոցում՝ աշխատելով գրեթե 69 տարի: Երբ Ռիգնին 67 տարեկան է դարձել, որոշել է թոշակի անցնել, սակայն 5 ամիս անց փոխել է միտքն ու վերադարձել հիվանդանոց: Հիմա Ֆլորենսը վիրահատարանի բուժքույր է:











