Հայաստանը փոքր երկիր է եւ չպետք է ընկնի սրա-նրա խելքին: Այս բառերով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց Բաղրամյան պողոտայում ցույցի վայր այցելած հոգեւորականներին:

Հաճախ ազգային ակունքները մոռացության են մատնված: Երիտասարդները, փորձ չունենալով, ղեկավարվում են միայն ժխտողականութհամբ, ասաց նա: «Իսկ երբ ժխտում ես, երկխոսությունը փակում ես, դա արդեն ոչ թե խելամտության, այլ հակառակի արդյունք է: Երբ դու ի սկզբանե ասում ես՝ ոչ, խոսելու թեմա չկա», - ասաց Գասպարյանը:

«Մեք փոքրաքանակ ազգ ենք, մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի ու զոռբայության, այլ իմաստության մեջ», - ասաց ոստիկանապետը:

«Գերտերություններն իրենց շահերը ունեն, իրենց կարող են թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրերի հետ, իսկ մենք իմաստությամբ պետք է գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ անցնենք առաջ:

Սրա ու նրա խելքին պետք ա չընկնենք: Եւ էստեղ տարաձայնությունները ժխտողականությամբ չեն լուծվում, սա մի ճանապարհ է ոչ մի տեղ», - եզրափակեց ոստիկանապետը:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: