Բաղրամյան պողոտայում միջադեպ գրանցվեց ցուցարարների եւ երկու կանանց միջեւ: Վերջիններս գալով նստացույցի վայր, սկսեցին բարձր ձայնով բղավել ու մեղադրել ակտիվիստներին ծրագիր չունենալու, իշխանություններից վախենալու մեջ:
Նրանցից մեկը հայտարարեց, թե «բա սե՞նց են ակցիա անում, երգում պարում եք, բա սենց են պահանջում: Այստեղ պիոներական ճամբար եք սարքել: Ես արդեն որոշել էի քաղաքից գնալ, հետո ձեզ տեսա, մտածեցի, որ հույս կա, մի բանի կհասնեք: Ուզում էի բոլորի ճակատը պաչել, բայց երբ տեսա այս վիճակը, որ ոչ մի բան չեք նախաձեռնում, հիասթափվեցի»:
Նստացույցի մասնակիցները սկզբում փորձում էին հասկանալ, թե ինչ են ուզում այդ կանայք, սակայն տեսնելով, որ նրանք պարզապես աղմկում են, կոչ արեցին բոլորին զրույցի չբռնվել նրանց հետ եւ թողնել, որ նրանք հեռանան:
Ակտիվիստները սկսեցին բացականչել. «Սադրիչ է, բոլորս արհամարհում ենք», «Կբարեւեք նրանց, որոնք ձեզ ուղարկել են»: Նրանք սկսեցին սուլել, որպեսզի խլացնեն կանանց ձայնը:
Ակտիվիստները նշեցին, որ այդ կանայք բռնության գործադրելու կոչեր էին անում, ասելով՝ «ջրի շիթ եք տեսնում վախենում եք, հենա լիքը շիշ կա, վերցրեք խփեք»:
Ի վերջո, ակտիվիստները կանանց ուղեկցեցին նստացույցի սահմաններից դուրս:











