Բաղրամյան պողոտայում այս պահին անձրեւ է տեղում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած անձրեւին ցուցարար երիտասարդներն ավելի եռանդով են պարում եւ նրանց թիվը չի պակասում: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անձրեւն ավելի լավ է, քան շոգը:
Պարի ավարտից հետո երիտասարդները պատսպարվեցին պոլիէթիլենային հսկա ծածկի տակ եւ սկսեցին երգել:
Այս պահին Բաղրամյան պողոտայում խաղաղ է:
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:













