Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները հարյուր մետր երկարությամբ ՀՀ դրոշ են բերել։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները այժմ ծածանում են դրոշը ոստիկանների եւ ակցիայի միջեւ գտնվող բուֆերային գոտում` «Հայաստան», «Հաղթելու ենք» վանկարկումներով։ 

Այս պահին ակցիան շարունակվում է, բավական նոսրացել են անեւ ոստիկանների շարքերը։ Ակցիայի սկզբում իրավապահները չորս-հինգ շարքով էին կանգնել, կարմիրբերետավորներ էին բերվել, սակայն այժմ շարքերը կրկին նվազել են։ 

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: