Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական տարբեր ուժեր են բերվել, որովհետեւ «դրանք ուզել են գալ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Լեւն Երանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանների կուտակումներ Ֆրանսիայի հրապարակում:
«Դե մարդ են, ըտանք էլ են ուզեցել իրանց տներից դուրս գան քաղաք»,- ասաց Երանոսյանը:
Ֆրանսիայի հրապարակում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանական ուժեր են բերվել՝ հասարակական կարգը պատշաճ ապահովելու նպատակով:
«Երեկ ականատես եղանք որոշակի գործողությունների, այդ պատճառով այստեղ են բերվել ոստիկանական ուժեր, որ հասարակական կարգը պատշաճ ապահովենք»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանությունը ջրցան մեքենա է տեղափոխել Ֆրանսիայի հրապարակ: Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք ավտոբուսների եւ մեքենաների մեջ սպասում են:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին՝ հունիսի 17-ին ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:











