Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց Երեւանի Ֆրանսիայի հրապարակից հեռացնել ոստիկանական մեքենաները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանապետը քիչ առաջ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի որոշումը հասարակությունն ընկալել է եւ կհեռանա Բաղրամյան պողոտայից:
«Կարծում եմ, որ մեր ժողովուրդը խելամիտ է, հատկապես երիտասարդությունը շատ ավելի խելամիտ է: Հայտարությունը լրիվ ընկալելի է եւ հասկանալի է, թե ինչ նպատակներ ունի մեր պետությունը: Մի քանի ամսից շատ ավելի հետաքրքիր բան կլինի»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե ինչ է անելու ոստիկանությունը, բացելու է արդյոք Բաղրամյան պողոտան, Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Պարելու է ժողովրդի հետ։ Ինչո՞ւ ոչ։ Ես իմ տեսակով պարող չեմ, բայց ի՞նչ վատ կլինի որ»:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,9 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն արդեն 6 օր Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները:











