Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամները դեպի դատախազություն երթի ճանապարհին անսպասելիորեն նստեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: (ֆոտոռեպորտաժ)
Կազմակերպիչները պնդում են, որ սա չնախատեսված ակցիա էր, ինքնաբուխ նստացույց: Նրանք շարունակում են իրենց ձեռքին պահել բարձրաստիճան ոստիկանների լուսանկարները, որոնք հունիս 23-ին եւ հուլիսի 6-ին, Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու հրաման արձակողներն են եղել, եւ բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները:
Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ կերպ իրենց բողոքի ձայն ավելի լսելի կլինի, եւ որ իրենք նստելու են այնքան, մինչեւ դատախազությունից երաշխիքներ ստանան, որ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները կպատժվեն:
Ոստիկանները, որոնք պատ են կազմել փողոցում նստած ցուցարարների հետեւում, պահանջում են բացել փողոցը՝ նշելով, որ նրանք խախտում են հասարական կարգը եւ խաթարում են երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար եւ լրագրողներ։ Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:
.jpg)











