Մոտ 20 րոպե Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթեւեկելի հատվածից, երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ փողոցը ինքնակամ չվացելու դեպքում ոստիկանությունը ֆիզիկական ուժ կկիրառի եւ կվերականգնի հասարակական կարգը։ (ֆոտոռեպորտաժ)
Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարների արածը սադրանք է, որով նրանք ձգտում են բախումներ հրահրել ոստիկանների հետ։ «Դուք արդեն լկտիանում եք»,– ասաց Օսիպյանը։
Այն բանից հետո, երբ Օսիպյանը հրահանգեց մոտեցնել ոստիկանական մեքենաները, ցուցարարները ոտքի կանգնեցին եւ շարունակեցին երթը դեպի դատախազություն, սակայն հասնելով Հանրապետության հրապարակ` կրկին նստեցին փողոցում։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան, ցուցարարները վանկարկում են` «ջրցան ենք ուզում», «որոշողը մենք ենք»։
Օսիպյանը կրկին հորդորում է նրանց ազատել ճանապարհը` նախազգուշացնելով, որ ֆիզիկական ուժ կիրառելով կհեռացնեն, ոստիկանություն կտանեն եւ վարչական պատասխանատվության կենթարկեն ակցիայի մասնակիցներին։ Նրա խոսքով` թեեւ երթն արտոնված է, սակայն ցուցարարները «լիազոր մարմնին չեն տեղեկացրել նստացույցի մասին»։ «Ոչ թալանինը» պնդում է, որ նստացույցը ինքնաբուխ է եւ նախապես որոշված չի եղել։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դատախազությունից երաշխիքներ են պահանջում, որ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները կպատժվեն:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար եւ լրագրողներ։ Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:
(1).jpg)












