Վանաձորցիները դատապարտում են Բաղրամյան փողոցում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները եւ Գլխավոր դատախազությունից ու ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և համապատասխան  հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Այս պահանջով մի խումբ քաղաքացիներ հուլիսի 15–ին բողոքի երթ են իրականացրել դեպի Լոռու մարզի դատախազություն եւ իրենց պահանջներով նամակ են հանձնել դատախազությանը։

 «Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհիմն քրեական և վարչական հետապնդումները և հատուցել պատճառված վնասը»,– ասվում է նամակում։

Ակցիային մասնակցում էին նաեւ ավագ սերնդի քաղաքացիներ, որոնք եկել էին սատարելու իրենց իրավունքները պաշտպանելիս բռնության ենթարկված երիտասարդներին։

«Սեքսուալնի հայհոյանքներ են տվել, խփել են, նաեւ անչափահասներին։ Ես տեսել եմ` աղջիկներին ոնց են տանում, ես լսել եմ, որ ոստիկանն ասել է՝ ձայնդ կտրի, պոռնիկի մեկը»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց վրդովված  վանաձորցիները:

Հիշեցնենք, որ նախօրեին միաժամանակ եւ նույն պահանջով Երեւանում բողոքի երթ են անցկացրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները։

Հիշեցնենք, որ  հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար: Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: