LifeNews-ը տեսանյութ է հրապարակել բնակարանից, որտեղ ընտանիքի  հայրը սպանել էր իր 6 երեխաներին եւ կնոջը։ Դատելով կադրերից՝ երեխաները հնարավոր է սպանվել էին հենց անկողնում։

Աչքի է զարնում նաեւ բնակարանի բարձիթողի վիճակն ու դես ու դեն նետված իրերը։ Բնակարանում պահվել է մեծ քանակությամբ կրոնական գրականություն։

6 երեխաների դաժան սպանության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին։ Երեխաները հուլիսի 25-ից չէին հաճախում մանկապարտեզ, եւ աշխատակիցները ոստիկանություն էին զանգահարել։ Ընտանիքի բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխաների մարմինները։ Մասնատված մարմինների կույտի մեջ հայտնաբերվել է նաեւ Օլեգ Բելովի կնոջ դին։ Սպանությունը կատարվել էր հուլիսի 25-ի առավոտյան։

Տղամարդը հաշվառված էր հոգենյարդաբանական դիսպանսերում եւ տառապում է շիզոֆրենիայով։