ՀԾԿՀ անդամների հրաժարականը և ՀԷՑ–ի ազգայնացում պահանջող «Ոտքի Հայաստան» նախաձեռնությանը սատարող  «Կարգին հայ պապիկներ» շարժմանը  մի քանի օրվա ընթացքում մեծ թվով պապիկներ են միացել։

«Եկեք, միացեք, մեր տունը մաքրենք, երեխեքը հետ գան, մեծ սեղան գցենք» կարգախոսով պաստառը ձեռքին Հանրապետության հրապարակում նստող ակտիվիստ–պապիկների շարժմանը միանալու համար գլխավոր նախապայմանը 60 տարեկանից  բարձր լինելն է և պայքարող երիտասարդներին սատարելու ցանկությունը։

Ըստ նախաձեռնության անդամ Սեյրան Ազիզյանի` իրենք ցանկանում են կանգնել իրենց թոռնիկների կողքին` ստարելով նրանց բարոյապես և ֆիզիկապես։

«Մենք երբեք չենք մոտենա երիտասարդներին, և հորդորենք, որպեսզի մեզ լսեն։ Մենք պարզապես համեստ կանգնած կսատարենք մեր թոռնիկներին և կկանգնենք երիտասարդների ու ոստիկանների միջև, որպեսզի վատ բան լինելու դեպքում մեզ լինի»,-NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սեյրան Ազիզյանը։

Նախաձեռնությանը կարող են միանալ միայն կարգին պապիկները, որոնք «չունեն սովետական մտածելակերպ և վախկոտ չեն». «Մենք Հայաստանում 35–ից բարձր ոչ ոքի չենք վստահում, դրա համար էլ կանգնած ենք պայքարող երիտասարդների կողքին»։ 

Նախաձեռնությունն ինքնաբուխ է, այս պահին նրանք կանգնած են «Ոտքի Հայաստան» շարժման կողքին, սակայն  երբ հիասթափվեն, կհեռանան։

Հումորային հաղորդումների «Կարգին» բրենդի հետ պապիկները որևէ առնչություն չունեն, շարժման ստեղծման համար հիմք է հանդիսացել արդեն գործող «Կանանց ազգային ճակատ» շարժումը։