«Ջահերով վերելք Արարատ լեռան գագաթ» նախագծի անդամները hուլիսի 26-ին բարձրացել են Արարատ լեռան գագաթը, պարել յարխուշտա, ծածանել 100 մետր երկարությամբ եռագույն դրոշը: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց նախաձեռնության մասնակից, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` նշելով, որ վերելքը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 «Վերելքը սկսել ենք հուլիսի 26-ին և հուլիսի 29-ի լուսաբացին արդեն Արարատ լեռան գագաթին ենք եղել: Հաջորդ օրը գնացինք Վանի ամրոց եւ Աղթամար կղզի, վերադարձին այցելեցինք  նաեւ Կարս եւ Անի»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

Գագիկ Գինոսյանը նշեց, որ նախաձեռնության կազմակերպիչները ամուսիններ Հովհաննես Մարտիրոսյանին ու Անուշիկ Սիմոնյանն էին, իրենց համույթին  էլ հրավիրել էին մասնակցելու:

Վերելքի մասնակիցները ամբողջ ընթացքում հայրենասիրական երգեր եւ պարեր են կատարել:

«Հենց Արարատի գագաթին էլ պարեցինք քոչարի, յարխուշտա, նաեւ հայրենասիրական երգեր ենք երգել վերելքի ժամանակ, այդ կերպ միմյանց ոգեւորել»,-ասաց Գագիկ Գինոսյանը: Նախաձեռնությանը մասնակցել է 30 մարդ: