Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը՝ 55-ամյա  Գ. Խաչատրյանը գիշերը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Մյուս երեք վիրավորների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի տարածքում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլխիվայր շրջվելով ընկել հարակից ձորակը: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Տուժածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Նշված ճանապարհահատվածը մարզի առավել վտանգավոր ճանապարհներից է համարվում: NEWS.am-ի հետ զրույցում վարորդները երեկ եւս դժգոհել են ճանապարհի վիճակից, նշելով, որ չնայած ճանապարհի կտրուկ թեքությանը, արգելապանեշներ չկան տեղադրված, ինչն էլ հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, որոնք շատ հաճախ ավարտվում են մահվան ելքով:

Գրեթե ամեն ամիս նշված հատվածում տեղի են ունենում վթարներ: Կապի եւ տրանսպորտի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի. «Մի 20 օր առաջ էր, որ մահով վթար եղավ, ամեն անգամ վենոկներ ավելանում են էս հատվածում»,-դժգոհել է դեպքի վայրում գտնվող վարորդներից մեկը, հավելելով, որ հատկապես տեղանքին անծանոթներն են վթարի ենթարկվում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ.քր.օր-ի 242 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:

Տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի