Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի հողատարածքներից մեկն օգոստոսի 15-16-ին արդեն 3-րդ տարին հյուրընկալել էր River Fest երկօրյա բարեգործական ռոք փառատոնը: Երկու օր շարունակ մոտ 25 ռոք խմբեր միավորվեցին` հանուն գյուղի բարեկեցության (Ֆոտոռեպորտաժ

River Fest-ի կազմակերպիչները իրենց փառատոնը համարում են ամերիկյան հայտնի Woodstock փառատոնի թոռնիկը։ Սրանով է պայմանավորված նաեւ փառատոնի անցկացման վայրը (Woodstock–ն առաջին անգամ անցկացվել է 1969թ. Նյու Յորքի ֆերմաներից մեկում, փառատոնին մանսակցել են մեծ թվով աշխարհահռչակ ռոք երաժիշտներ եւ խմբեր)

NEWS.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Անժելա Հասասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է բարեկարգել Գետամեջ գյուղը։

«Փառատոնի գաղափարն առաջացավ 3 տարի առաջ: Ամեն տարի լինում է այս գյուղում, այս գյուղի համայնքի համար: Մենք այս գյուղի բնակիչներ ենք, եւ որպես կազմակերպիչներ՝ տեսել էինք քաղաքի կենտրոնի  եւ գյուղի վիճակը: Ուզում էինք ինչ-որ մի ձեւով բարելավել գյուղի վիճակը մեր ուժերով: River Fest-ն հենց այդ նպատակին է ծառայում:  1-ին փառատոնից հետո կարողացանք Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցի համար նոր դասասեղաններ գնել: Նախորդ տարի 10 եվրո պատուհան փոխեցինք դպրոցում: Այս տարի հույս ունենք խաղահրապարակ սարքել գյուղում»,-ասաց փառատոնի կազմակերպիչը՝ ավելացնելով, որ նմանատիպ փառատոններ պետք է շատ կազմակերպվեն Հայաստանում:

Անժելա Հասասյանի խոսքով՝ գյուղի բնակիչների մեծ մասն ուրախ է, որ հենց իրենց գյուղում է նմանատիպ փառատոն անցկացվում եւ չեն դժգոհում աղմուկից:

«Հարեւանները չեն բողոքում աղմուկից: Խնդիրներ երբեմն լինում են, իհարկե, բայց գյուղացիների մեծամասնությունը շատ ուրախ է, որ այսպիսի փառատոն է կազմակերպվում իրենց գյուղում, իրենց գյուղի համար: Բայց, դե, միշտ նվնվացող մեկը լինում է»,- ասաց նա: 

Փառատոնի կազմակերպիչը նշեց, որ իրենք փորձում են փառատոնի ընթացքում ներգրավել հնարավորինս շատ գյուղացիների:  Գետամեջի բնակիչները 2 օր շարունակ հնարավորություն են ունենում փառատոնին վաճառել իրենց պտուղ-բանջարեղենը, սնունդը, իսկ տեղացի վարորդները՝ փառատոնի մասնակիցներին գումարի դիմաց տեղափոխել քաղաք:

Փառատոնի մասնակիցները գյուղի հողատարածքներից մեկը վերածել էին մեծ ճամբարի: Ռոքի հարյուրավոր երկրպագուներ վրաններ էին տեղադրել, որոնցում էլ գիշերեցին: Ոմանք էլ նախընտրեցին չքնել եւ խարույկի շուրջ դիմավորել Գետամեջ գյուղի լուսաբացը: