Քոբանիից մեծ դժվարություններով Հայաստան հասած 17 հոգանոց Թովմասյանների ընտանիքը սարսափով է հիշում 2014թ. սեպտեմբերի 28-ը։ Այդ օրը «Իսլամական պետության» գրոհայինները, մտնելով գյուղ, ավերեցին շատերի տները, սպանեցին, գերեվարեցին ու տանջանքների ենթարկեցին քոբանցիներից շատերին։ (ֆոտոռեպորտաժ)
Թովմասյանների գերդաստանը (Թովմասյան 4 եղբայրների ընտանիքները, այդ թվում` 11 երեխա) հրաշքով կարողացավ փրկվել. Թուրքիայի սահմանը մոտ էր, հասցրին մեկ պայուսակի մեջ առաջին անհրաժեշտության իրերը լցնել ու հասնել սահման։ Թուրք սահմանապահները ընտանիքին թույլ տվեցին մտնել Թուրքիա՝ Սրուջի, որտեղ նրանց տեղավորեցին դպրոցի շենքում։ Մեծ դժվարությամբ, բայց ընտանիքը կարողացավ 3 ամիս ապրել այդ շենքում, մինչև ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստականների համար վրաններ տեղադրեց և բոլորը տեղափոխվեցին վրաններ։ Թովմասյանների ընտանիքը թուրքերից դժգոհ չէ. հաց ու ջուր են ամեն օր տարել, հագուստ տվել, դեղամիջոցներ տրամադրել։
43-ամյա Իլոնա Թովմասյանի ամուսնուն Քոբանիում ԻՊ-ի զինյալները իր 13-ամյա որդու աչքի առաջ են սպանել։ Երբ Քոբանիում իրավիճակը խաղաղվել է, գյուղացիներից շատերը վերադարձել են՝ այն վերականգնելու և նորից բնակվելու։ Իլոնայի ամուսինն էլ է որոշել տղայի հետ գնալ, վերականգնել տունը, խանութը, այնուհետև Սրուջիից տեղափոխել իր ընտանիքին այնտեղ։ Մի քանի օր անց «Իսլամական պետության» գրոհայինները կրկին մտել են գյուղ՝ սպանել քնած գյուղացիներին, այրել տներն ու մարդկանց։ Իլոնայի տղան, որը հազիվ է կարողացել փրկվել ու կրկին հասնել Թուրքիա, մինչև հիմա գիշերները չի կարողանում քնել. աչքի առջև է հոր արնաքամ մարմինն ու ԻՊ-ի սևազգեստ գրոհայինները։
Թովմասյանների 17 հոգանոց գերդաստանն այսօր Հայաստանում է՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և բարերար Րաֆֆի Արդահալաթյանի օգնությամբ, առանց որևիցե փաստաթղթերի նրանք օրերս տեղափոխվել են Երևան։ Արդեն 1 շաբաթ է` նրանք ժամանակավորապես ապրում են Սիլիկյան սոցիալական տանը։ Սակայն, մեկ շաբաթից ընտանիքը ստիպված է լինելու լքել տունը և վարձով ապրել։ Այժմ ընտանիքի նախնական ծախսերը հոգում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, որը մասամբ վճարելու է ընտանիքի վարձակալած տան առաջիկա մի քանի ամիսների վարձավճարը։ Ընտանիքի 13 երեխաներից 9-ը դպրոցահասակ են, որոնք ունեն և հագուստի, և գրենական պիտույքների կարիք։ Նրանցից 10-ամյա Մարալ Թովմասյանն անհամբերությամբ է սպասում դպրոց հաճախելուն. Քոբանիիում նա արաբական դպրոց է հաճախել, այստեղ պետք է գնա հայկական դպրոց՝ առաջին դասարան։ Փոքրիկն այդ տարիքում միայն խաղաղության մասին է երազում, նրան այնքան էլ չի հուզում, թե ինչ է հագնելու, կամ ինչպիսի պայուսակով է դպրոց գնալու։
Թովմասյանների ընտանիքը երջանիկ է, որ Հայաստանում է՝ հայերի ու բարեկամների շրջապատում։ Նրանց հիշողությունից չի ջնջվել ահասարսուռ անցյալը, շարունակում են ապրել հանուն երեխաների՝ հավատալ նրանց լուսավոր ապագային։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











