Բուժվելուց հետո ցանկանում է վերադառնալ Հայաստան, սովորել ու օգնել մյուս կարիքավոր մարդկանց, որոնք իր պես օգնության կարիք ունեն:
Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր` սեպտեմբերի 9-ին, «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր վերջին դրամահավաքը` բանակում 2012թ. ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած Սամվել Ավետիսյանի բուժման համար:
«Մենք» նախաձեռնության հիմնադիրներից Արման Անդրեասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա իրենց կողմից կազմակերպված 3-րդ դրամահավաքն է Սամվելի համար:
«Գերմանիայում Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը հոգալու է «Կարմիր խաչը», բայց Սամվելին 10.000 եվրո է հարկավոր ճանապարհածախսի, Գերմանիայում մնալու ու նախնական ստուգումներն անցնելու համար: Մենք արդեն հավաքել ենք 6500 եվրո, հույս ունենք` այս դրամահավաքի ընթացքում հավաքել 3500 եվրոն, որը պակասում է»,- ասաց Արման Անդրեասյանը:
Դրամահավաքի ընթացքում ազգագրական երգ ու պարով հանդես եկան երգիչ-երգչուհիներ ու պարային խմբեր: Քաղաքացիներին նաև թռուցիկներ բաժանվեցին, որոնց վրա գրված էին այն հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Սամվելի համար:
«Հույս ունեմ, որ այս դրամահավաքը կլինի վերջինը, ու շուտով կկարողանամ քայլել»,– NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվելը։
Դրամահավաքը կշարունակվի մինչեւ այսօր` ժամը 23։00–ն։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած արդեն 3 տարի անվասայլակին գամված 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է 10,000 եվրո, որից դեռևս հավաքվել է 6500 եվրոն:
Նշենք նաև, որ Սամվելի բուժման հավանականությունը Գերմանիայում 80-90 տոկոս է:
Սամվելի բուժման համար ցանկացողները կարող են գումար փոխանցել HSBC բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
006 001 911 001 AMD
006 001 911 102 EURO
006 001 911 103 RUB
Սամվել Ավետիսյան
Հեռախոսահամար՝
098 503 225
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











