Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության հատուկ գործողության ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում է Liberation-ը: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հատուկնշանակության ջոկատը շրջափակել է մի քանի զինված մարդկանց, որից հետո փոխհրաձգություն է սկսվել:
Ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է երեք մարդ, որոնք ենթադրաբար կապ ունեն նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, հաղորդում է BFM-ն:
Հատուկ ծառայությունների տվյալներով, մի քանի ոստիկաններ աննշան վնասվածքներ են ստացել: Գործողությունն իրականացվում է Փարիզի ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ փոխհրաձգության վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, ինչպես նաեւ ոստիկանական նոր ուժեր:
Հենց Սեն Դենիում է գտնվում «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտը, որը եղել է գրոհայինների թիրախներից մեկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:
Ահաբեկչությունների հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:











