NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն դժգոհություն է հայտնել երկրների միջեւ առկա տնտեսական համագործակցության մակարդակից, պատմել է Նոր տարուն իրեն պատահած զվարճալի դեպքի մասին եւ հույս է հայտնել հնարավորինս շատ հայ տեսնել իր երկրում ամառային Օլիմպիական խաղերի օրերին.
Ներկայացրեք, խնդրեմ, 2015-ին երկկողմ հարաբերությունների նվաճումները:
Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունները դեռեւս զարգացման փուլում են: Ինչ վերաբերում է ներդրումներին, Հայաստանի տնտեսության մեջ բրազիլական էական ներդրումներ չեն արվել: Բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ բանի հասնել: Բրազիլիան ներդրումներ է արել շատ երկրներում, որոնք ներկա են Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսությունն է, լեռնահանքային արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները: Բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, թե Հայաստանում բրազիլացի արտահանողների տեսանկյունից մեծ առաջընթաց չկա:
Այնուամենայնիվ, 2015-ին առանձնահատուկ մի բան եղավ. Բրազիլական ընկերություններից մեկը, որն ակտիվորեն աշխատում է լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, սկսեց աշխատել հայկական ընկերությունների հետ: Ընկերությունը կոչվում է «Magnesita»: Շատ կարեւոր է այն, ինչ նրանք անում են Հայաստանում: Նրանք աշխատում են այնպիսի ընկերությունների հետ, որոնք պողպատ, ցեմենտ են արտադրում եւ նրանց օգնում են բարելավել իրենց գործունեությունը: Փաստացիորեն դա ոչ միայն արտահանում է, այլեւ գործընկերություն բրազիլական եւ հայկական ընկերությունների միջեւ: Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում երկու խոշոր ընկերություն է ներկայացված` «Sadia»-ն եւ «Perdigão»-ն, որոնք ներկայումս միավորվել են: Նրանք աշխարհում մեծ խաղացողներ են եւ իրենց արտադրանքն արտահանում են Միացյալ Նահանգներ, Մերձավոր Արեւելք եւ Ասիա:
Ինձ համար ամենամեծ առաջընթացը կլիներ շփումների ընդլայնումը: Ինչպես կապեր հաստատել: Դուք պիտի Բրազիլիա գաք: Մարդիկ ինձ ասում են. «Բրազիլիան շատ հեռու է»: Ուրեմն մի գնացեք Բրազիլիա, գնացեք ավելի կարեւոր առեւտրի կենտրոններ Եվրոպայում` Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ այնտեղ բրազիլական ընկերություններ փնտրեք: Շատ դեպքերում հնարավոր կլինի նրանց գտնել այնտեղ: Բրազիլական շատ ընկերություններ աշխատում են նաեւ Դուբայում կամ Մոսկվայում: Դրա համար էլ կարծում եմ, որ կամքն է պակասում: Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերություններն այն մակարդակում են, որում կուզեինք տեսնել, բայց շատ հնարավորություններ կան:
Ինչպե՞ս են Բրազիլիայում տոնում Նոր տարին: Գոյություն ունե՞ն բրազիլական ավանդույթներ:
Ռիո դե Ժանեյրոյում` Կոպակաբանայի լողափին անցկացվում է Նոր տարվա աշխարհում ամենամեծ տոնակատարություններից մեկը: Հաշվարկվել է, որ 1,5 մլն մարդ է հավաքվում այնտեղ: Մարդիկ տոնական ուտեստներ եւ խմիչքներ են բերում, Ռիոյի քաղաքապետարանն ապահովում է երաժշտությունը: Մարդիկ հավաքվում են երեկոյան ժամը 7 – 8-ին, հետո կեսգիշերին մեծ հրավառությունը լուսավորում է երկինքը, դա ավելի քան 20 րոպե է տեւում, ես չեմ չափազանցնում:
Նոր տարվա ուտեստների եւ ըմպելիքների առումով առանձնահատուկ բան չկա, որը զուտ բրազիլական անվանեի: Բրազիլիան երկիր է, որն ամբողջ աշխարհից ներգաղթյալների է ընդունել: Այդ պատճառով մենք Նոր տարին տոնում ենք նրանց ավանդույթներով: Եվ գինի ենք խմում: Դա հետաքրքիր է, որովհետեւ մինչեւ վերջերս Բրազիլիան գինի խմող երկիր չէր: Գինի խմել են միայն երկրի հարավում: Բնակչության մեծամասնությունը գինին է նախընտրում: Բայց Սուրբ ծննդին եւ Նոր տարվա նախօրեին միշտ շատ գինի կա:
Կարո՞ղ եք հիշել Նոր տարվա հետ կապված հետաքրքիր դեպք:
Թույլ տվեք պատմել այն պատմությունը, որն ինձ էր պատահել: Նոր տարվա նախօրեին, երբ դուստրս 8 ամսական էր, մենք եկանք Բրազիլիայի գյուղերից մեկը տոնն իմ ընտանիքի հետ` մորս, հորս եղբորս հետ նշելու: Դեկտեմբերի 31-ի մոտ ժամը 11-ին մենք նկատեցինք, որ տանը աղջկաս համար բավականաչափ կաթ չկա: Հաջորդ օրը` հունվարի 1-ին բոլոր խանութները փակ էին: Ինձ խնդրեցին գնալ եւ փորձել կաթ ճարել: Եվ ես գտա այն տեղը, որտեղից հնարավոր էր կաթ գնել: Ես գնեցի եւ երբ տուն էի գալիս, անցնում էի բարի մոտով, որտեղ պատահաբար հանդիպեցի հին ընկերներիս: Նրանք համեղ կրեպ էին պատրաստել եւ ինձ հրավիրեցին մեկը համտեսել: Ես համաձայնեցի, մենք սկսեցինք կրեպ ուտել, գարեջուր խմել եւ հանկարծ ես նկատեցի, որ արդեն հաջորդ տարին է: Երբ տուն եկա, ընտանիքիս անդամներն ինձ էին սպասում ջղային դեմքերով եւ ես ստիպված էի բացատրել, թե ինչ է պատահել: Այդ օրվանից ինձ ճանաչում էին, որպես այն հայրը, որը դուրս էր եկել աղջկա համար կաթ գնելու եւ վերադարձել էր միայն հաջորդ տարի:
Կուզեի՞ք ինչ-որ բան ավելացնել:
Ես շատ ուրախ եմ Հայաստանի հետ մշակութային փոխգործակցության համար: Չնայած դժվարություններին եւ տնտեսական ճգնաժամին, մենք կարողացել ենք նախագծեր իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երաժշտությունը, կինոն եւ «Կապոեյրա» մարտարվեստը:
Ես նաեւ ուրախ եմ նշել, որ 2015-ը առանձնահատուկ էր, Հայաստանի հետ մենք համաձայնագիր ստորագրեցինք, որի համաձայն հայերը կարճ ժամանակով Բրազիլիա այցելելու համար վիզայի կարիք չունեն: Եվ ես կարծում եմ, որ այդ համաձայնագիրը շատ ժամանակին էր, որովհետեւ 2016-ին Բրազիլիայում տեղի են ունենալու ամառային Օլիմպիական եւ Պարաօլիմպիական խաղերը: Եվ ես հույս ունեմ, որ շատ հայեր կայցելեն Բրազիլիա նշելու մեդալների նվաճումը: Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված 2016 թվականի նկատմամբ երկու երկրի միջեւ հարաբերությունների փոփոխության պատճառով, որովհետեւ «մեր դռներն արդեն բաց են իրար առաջ»:











