Զինվոր սիրելը մենակ սեր չի, հպարտություն ա. 19-ամյա Մարատի խոսքերն ուղղված են այն աղջկան, որը նրան խոստացել է սպասել, մինչեւ ավարտի ժամկետային զինծառայությունը:
Ծովագյուղցի Մարատն իր հերթին ընկերուհուն խոստացել է ողջ–առողջ տուն վերադառնալ:
«Մենք ծառայում ենք մեր ընտանիքների, սիրած աղջիկների համար»,- ասում է Մարատը, իսկ հարցին` ի՞նչ կասեր ընկերուհուն, եթե հենց այդ պահին տեսներ, մի փոքր մտածելուց հետո պատասխանում է կարճ, բայց շատ անկեղծ. «Բարեւ կյանքս, ո՞նց ես»:
Ռոբերտի ու ընկերուհու հանդիպմանը քիչ ժամանակ է մնացել, մի քանի օրից կզորացրվի, մտովի մի քանի օրով առաջ է տալիս ժամանակը ու դեմքին ժպիտ է գալիս. «Իրան ուզում եմ ասեմ` մերսի, սիրունս, որ սպասեցիր էս երկու տարին, սիրում եմ քեզ»:
Տղաներն ասում են` այն միտքը, որ վերադարձիդ սպասող սիրած աղջիկ ունես, թեթեւացնում է ծառայությունը։
20-ամյա Գառնիկը սիրած աղջիկ չունի, նրա ծառայությունը թեթեւացնում է գյումրեցուն բնորոշ հումորը։
«Կարող ա` ընկերուհի ունեմ, ինձ սպասող կա, բայց ես չգիտեմ: Իրան բարեւում ու ամենալավն ու բարին եմ մաղթում»,- կատակում է Գառնիկը։
Տղաները աղջիկներին կոչ են անում ծառայող ընկերներին չլքել, անգամ եթե նրանց այլեւս չեն սիրում. «Կարան սպասեն, հետո՝ թողնեն, բայց պիտի սպասեն, որովհետեւ զինվոր սիրելը մենակ սեր չի, հպարտություն ա»:











