ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անձամբ է որոշել Երեւանի Մալաթի Սեբաստիա համայնքում կառուցված իր նոր հիվանդանոցը կոչել մոր անունով, քանի որ «իր մամային շատ է սիրում»: Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հիվանդանոցի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում գործարար պատգամավորն ասաց, որ մոր անունով պետք է կոչի նաեւ իր առաջին աղջիկ թոռանը:

«Ես յոթ երեխա ունեմ, որ աղջիկ թոռ ունենամ, առաջինը մամայիս անունը պիտի դնեմ, թոռներիս էլ պետք ա ասեմ, որ իրանք երեխա ունենալուց միշտ Աստղիկ անունով երեխա ունենան: Իմ երեխեքը ասում են՝ ես իմ մամայի անունը պիտի դնեմ, չէ ասում եմ՝ ես իմ մամայի անունն եմ դնելու»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ նորաբաց հիվանդանոցում կգործի ուղղաթիռի համար նախատեսված վայրէջքի հարթակ: Ծանր եւ շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին բժշկական կենտրոն կտեղափոխեն ուղղաթիռով:

Գործարարը հիվանդանոցը ընդլայնելու նպատակով նախատեսում է հետագայում եւս խոշոր ներդրումներ կատարել: