«Հյուսիս-Հարավ» բետոնե նոր մայրուղին կհամապատասխանի բոլոր միջազգային պահանջներին։ Այս մասին Երեւան-Արտաշատ (հարավ) եւ Աշտարակ (հյուսիս) 1-ին տրանշի շրջանակներում մայրուղու 2 հատվածների հանդիսավոր բացման ժամանակ լրագրողներին ասել է «Հյուսիս-Հարավ» պետական կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանը։

Երկու հատվածների ընդհանուր երկարությունը 31 կմ է, արժեքը՝ 70 մլն դոլար։ Դեպի Արտաշատ ճանապարհը կունենա 6 գիծ, իսկ դեպի Աշտարակ՝ 4 գիծ։

Հարցին, թե ինչու Վրաստանում նման բետոնե մայրուղիների վրա բետոնե սալերի միջեւ կարերը ճտճտում են, Սարգսյանը պատասխանել է, որ դրանք կվերանան 2-3 տարուց։ Սեյսմիկ անվտանգության համար սալերի միջեւ բետոնե կարերը ավելի լայն են արվում, սակայն որոշ ժամանակ անց մեքենաները դրանք հարթեցնում են։

«Շինարարության ընթացքում իրոք նկատվել են պայմանագրային որակից մի շարք շեղումներ, սակայն կապալառուն դրանք կարգավորել է իր հաշվին»,- ասել է Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ բետոնե ճանապարհը հարմարավետության առումով կարող է զիջել ասֆալտե ճանապարհին, սակայն դրա առավելություններն ակնհայտ են. բետոնե ճանապարհն ավելի երկար է ծառայում (20-30 տարի, ասֆալտը՝ 10-15) եւ դիմանում է ծանրությանը, ինչը կարեւոր է, քանի որ ճանապարհը նախատեսված է բեռնափոխադրումների համար։

«Եվ վերջապես ցեմենտն արտադրվում  է Հայաստանում, իսկ բիտումը՝ ասֆալտի հումքը, ներկրվում է։ Հետեւաբար դրանից կշահի նաեւ տեղական արտադրությունը»,- ասել է Սարգսյանը։

Ճանապարհի նախագծային արագությունը 100-110 կմ/ժ է։ Մայթերին պատնեշներ դնելու դեպքում հնարավոր կլինի արագությունը հասցնել 120-130-ի։

«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է։ Նախագիծը պլանավորվում է ավարտին հասցնել 2019թ.։